28 նոյեմբերի 2019 - 15:44 AMT
Պատգամավոր. Սերժ Սարգսյանը հրավիրվելու է ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դիմել է ԱԺ նախագահին՝ հանձնաժողովի աշխատանքները 6 ամսով երկարացնելու համար: Այս մասին հաղորդում է Aysor.am-ը՝ հավելելով, որ ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս դիմել ԱԺ նախագահին՝ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարացնելու համար:

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողով հրավիրվելուն, Քոչարյանը նշել է, որ պարտադրելու իրավունք չկա: Նրա խոսքով՝ մինչ այս պահը հանձնաժողով հրավիրված անձինք չեն խուսափել գալ այնտեղ:

«Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը հրավիրվելու է: Իրենք արդեն պետք է պատրաստ լինեն գալուն: Չգալն էլ իրենց իրավունքն է»,-ասել է Քոչարյանը: