29 նոյեմբերի 2019 - 11:22 AMT
Միհրան Պողոսյանի հանդեպ ՌԴ-ում ընտրված խափանման միջոց կալանքը վերացվել է

ՀՀ գլխավոր դատախազությունում առկա տեղեկատվության համաձայն՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է: Այդ մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, հայտնում է Aysor.am-ը:

Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նրա հետախուզման մեջ գտնվելու մասին ՀՔԾ-ն պաշտոնապես հայտարարել է ապրիլի 15-ին, որից օրեր անց Պողոսյանը ձերբակալվեց Կարելիայում՝ հյուրանոցում գրանցվելիս։

Ավելի վաղ Հայաստանի դատախազությունը հայտնել է, որ նրան արտահանձնելու գործընթացն սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել են ՌԴ, իսկ ապրիլի 23-ին պարզ դարձավ, որ ՌԴ դատարանը բավարարել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը։Մեկ օր անց՝ ապրիլի 24-ին, Միհրան Պողոսյանի ռուս փաստաբանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը դիմել է ՌԴ իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու համար։