29 նոյեմբերի 2019 - 13:01 AMT
Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ ձերբակալել են նախկին քաղաքապետին

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները վարչական կարգով ձերբակալել են Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային, որը մասնակցում էր համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին անցկացվող հանրահավաքին:

Ոստիկաններն Ուգուլավային ձերբակալել են Ազգային գրադարանի մոտ, որը գտնվում է խորհրդարանի շենքից ոչ հեռու, գրում է ՏԱՍՍ-ը:

Հանրահավաքի մասնակիցները նոյեմբերի 29-ի առավոտյան հավաքվել էին օրենսդիր մարմնի դիմաց, սակայն ավելի ուշ տեղափոխվեցին Ազգային գրադարանի մոտ, որտեղ Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին մասնակցում է միջոցառման: Ցուցարարները հրմշտոց են հրահրել, որի ժամանակ էլ ձերբակալվել է Ուգուլավան:

Ձերբակալվել են ևս մի քանի ընդդիմադիրներ՝ պատգամավորներ Գեորգի Կանդելակին և Լաշա Չխարտիշվիլին:

ՆԳՆ-ն դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: Ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք: