29 նոյեմբերի 2019 - 16:39 AMT
Էրզրումի հայկական եկեղեցին թուրքերը վերածում են աղբավայրի

Էրզրումի Ազիզիյե շրջանի Գեզքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Մինաս եկեղեցու մոտ Ազիզիյեի համայնքապետարանը շինարարական աղբ է կուտակում:

1790թ. կառուցված, այժմ կիսավեր վիճակում գտնվող եկեղեցին 2010-ին գրանցվել է որպես պատմական հուշարձան, ինչը ենթադրում է, որ շինությունը պետք է պահպանվեր պետության կողմից: Սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը. շուրջբոլորը աղբավայրի վերածվելուց բացի, եկեղեցին ենթարկվում է նաև գանձագողերի հարձակումներին: Գանձ գտնելու մոլուցքով տարված անձինք հորատումներ են արել եկեղեցու պատերի ու սյուների մոտ: Որոշ չարամիտների ձեռքով էլ ջնջվել են եկեղեցու ներսում եղած որմնանկարները, հայտնում է Ermenihaber-ը:

Թաղամասի բնակիչների խոսքերով՝ համայնքապետարանն այստեղ է կուտակում թաղամասերից հավաքած շինարարական աղբը: Եթե դա շարունակվի, ապա եկեղեցին կարող է ծածկվել աղբի կույտերով:

Եկեղեցու հնարավոր վերականգնման վերաբերյալ հակասական տեղեկություններ են հրապարակվել թե սեփականատեր Սաբրի Էնգինի և թե Ազիզիյեի համայնքապետարանի կողմից: Ի դեպ, Հայոց ցեղասպանությունից հետո հայապատկան բազմաթիվ անշարժ գույքեր, այդ թվում՝ եկեղեցիներ, պետության թույլտվությամբ սեփականաշնորհվել են թուրքերի կողմից:

Այժմ Գերմանիայում բնակվող Էրգինը 2016-ին հայտարարել էր, որ համայնքապետարանը նրան սպառնում է քանդել եկեղեցին, եթե ինքն այն չվերանորոգի: Հայտնել էր, որ եկեղեցու վերակառուցման համար դիմել է մի շարք կառույցների, բայց ոչ մեկից դրական պատասխան չի ստացել:Համայնքապետարանից էլ հայտարարում են, որ եկեղեցին վերականգնելու համար անհրաժեշտ է Էրգինի թույլտվությունը, և իբր նա էլ թույլտվություն չի տալիս: