30 նոյեմբերի 2019 - 13:02 AMT
Պաշտպան. Գևորգ Կոստանյանի նկատմամբ ապօրինի հետախուզում է հայտարարվել, որոշումը կբողոքարկվի

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու՝ հատուկ քննչական ծառայության որոշումը կբողոքարկվի:Այս մասին, Hetq.am-ի հաղորդմամբ, հասել է Կոստանյանի փաստաբան Գևորգ Գևորգյանը՝ հավելելով, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը կքննի դատավոր Մարինե Մելքոնյանը, նոյեմբերի 30-ին նշանակված է գործով դատական նիստ:

«Գևորգ Կոստանյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի հետախուզում է հայտարարվել»,-ասաց Գևորգ Գևորգյանը։ Նշենք, որ Կոստանյանի շահերը ներկայացնում է նաև մեկ այլ փաստաբան:

Նոյեմբերի 25-ին ՀՔԾ-ն հայտնել է Կոստանյանին «Մարտի 1-ի գործով» որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ՝ մեղադրանք առաջադրելու համար: Գևորգ Կոստանյանը, որը հայտնում է, թե Մոսկվայում է, ողջամիտ չի համարում 48 ժամվա ընթացքում ներկայանալու պահանջը, իսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե Կոստանյանը 48 ժամվա ընթացքում չներկայանա, ՀՔԾ-ն կիրականացնի օրենքով իրեն վերապահված գործողություններ: Գևորգ Կոստանյանը ներգրավված է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի գործով:

Գևորգ Կոստանյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը: