3 դեկտեմբերի 2019 - 12:52 AMT
Ցեղասպանության մասին հայտարարության համար հետաքննություն է սկսվել Դիարբեքիրի փաստաբանների պալատի դեմ

Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրել է Դիարբեքիրի փաստաբանական պալատի նախկին նախագահի և գործադիր խորհրդի անդամների դեմ հետաքննություն սկսել:

Պատճառը 2018թ-ին ապրիլի 24-ի առիթով պալատի հրապարակված հայտարարությունն է: Կազմակերպության նախկին նախագահ Ահմեթ Օզմենին և ղեկավար խորհրդի 10 անդամի մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ մասնավորապես «ժողովրդին հրապարակայնորեն ատելության և թշնամության հրահրելու, Թուրքիայի ազգային մեծ ժողովը նսեմացնելու» կետով, հայտնում է Ermenihaber-ը:

Դիարբեքիրի իրավաբանական ընկերակցության՝ 2018թ ապրիլի 24-ին «Կիսում ենք հայ ժողովրդի չապաքինվող մեծ ցավը» խորագրով հայտարարության մեջ նշվել էր. «Ժամանակին պատասխանատուները, նախ հայ մտավորականներին և առաջնորդներին ոչնչացնելով, իսկ հետո «Աքսորի մասին օրենքի» անվան տակ զինվորական ստորաբաժանումների և Հետախուզական կառույցի՝ Teşkilatı Mahsusa (Հատուկ կազմակերպություն) միջոցով մեկ միլիոնից ավել քաղաքացու դեպի Սիրիայի սահմաններ մահվան տանելով, դաժան քաղաքականություն են վարել:

Տառապանքն այնքան մեծ է եղել, որ ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայում «ցեղասպանություն» եզրույթը ստեղծել են հայ ժողովրդի նկատմամբ կատարվածից ոգեշնչված: Ստամբուլում, Դիարբեքիրում, Վանում և Անատոլիայի մի շարք քաղաքաներում, որտեղ հայեր են ապրել, կոտորածի, աքսորի և տեղահանության առաջացրած ավերածությունը և խորը ցավը թարմ է մնում: Հարգանքով ոգեկոչում ենք ցեղասպանության ընթացքում զոհված քաղաքացիական անձանց և անմեղ բոլոր հայերին»: