2 դեկտեմբերի 2019 - 12:35 AMT
Telefonica-ն կուսումնասիրի ՀՀ հետ գործակցության հնարավորություններն ամպային տեխնոլոգիաների ոլորտում

Հեռահաղորդակցության ոլորտում խոշորագույնններից մեկը համարվող՝ իսպանական Telefonica ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ: Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անխել Վիլա Բոյի հետ։

Telefonica ընկերության գլխավոր տնօրենը նշել է,որ կուսումնասիրեն Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները մասնավորապես ամպային (cloud) տեխնոլոգիաների ոլորտում և առաջիկայում կներկայացնեն իրենց առաջարկությունները։

Զրուցակիցները քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մրցակցային առավելությունները և հնարավորությունները՝ նշելով, որ ՀՀ-ն նոր տեխնոլոգիաների ոլորտում առաջ է ընթանում հաստատուն քայլերով։

Telefonica-ն ֆիքսված և բջջային հեռախոսակապի, ինտերնետի և տվյալների փոխանցման, պահպանության ծառայություններ է մատուցում 24 երկրում և ունի ավելի քան 350 միլիոն հաճախորդ։