Գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրել է իրենից գործարան խլելու մեջ: Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, հայտարարարել է Սուքիասյանը:
Գործարարի խոսքով՝ ինքը երբեք չի ասել, որ Սարգսյանի հետ լավ հարաբերություններ է ունեցել, այլ խոսել է բարիդրացիական հարաբերությունների մասին:
«Եթե Սերժ Սարգսյանն ինձնից գործարան է խլել, ես չեմ կարծում, որ իր հետ լավ հարաբերություն եմ ունեցել»,- ասել է Սուքիասյանը:
Խաչատուր Սուքիասյանն ակնարկել է «Բջնի» գործարանը, որը 2008-ին հարկադիր աճուրդի հանվեց, ապա վաճառվեց գործարար, ՀՖՖ նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանին: Վերջինս հայտարարել էր, որ գնել է «Բջնին», որպեսզի մարդիկ գործազուրկ չմնան: Նշվում էր, որ Սուքիասյան ընտանիքին պատկանող կամ նրա հետ համագործակցող կազմակերպությունների նկատմամբ «հատուկ» ուշադրություն կար, քանի որ 2008-ին Սուքիասյան եղբայրներն աջակցություն էին հայտնել նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
2016-ին այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել էր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսիա» մոլի բացմանը: