Երևանի Օղակաձև այգում ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու համար ակտիվիստ Շահեն Հարությունյանը հրավիրվել է ոստիկանություն՝ բացատրություն տալու: Այս մասին PanARMENIAN.Net-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց ոստիկանության մամուլի ծառայության պետ Զարզանդ Գաբրիելյանը:
«Այս պահին Շահեն Հարությունյանը ոստիկանության Կենտրոնական բաժնում է, հրավիրվել է՝ կատարվածի վերաբերյալ բացատրություն տալու»,- նշեց նա՝ հավելելով, որ ավելի ուշ կտրվեն լրացուցիչ մանրամասներ:
Դեկտեմբերի 2-ին Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր արել ու տեղեկացրել, որ ներկ է լցրել Գրիբոյեդովի արձանի վրա: «Կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»,- հայտնել էր նա: Ավելի ուշ ոստիկանությունից մեզ ասել էին, որ հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Ավելի վաղ ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու բակում տեղադրված՝ Գարեգին Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժվել էր: Դրանից առաջ այդ նույն հուշատախտակի վրա ներկ էր լցրել Արմավիրի Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը: