Հայաստանում ՌԴ դեսպանությունն արձագանքել է Երևանում ռուս գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի վրա ներկ լցնելու միջադեպին:
«Կիսում ենք պաշտոնական Երևանի կարծիքը, որը հստակ բնութագրեց այդ զազրելի արարքը՝ հայ ժողովրդի մեծ բարեկամ Ա.Ս. Գրիբոյեդովի արձանի նկատմամբ:
Կարծում ենք, որ հայ հանրության կողմից այդ արարքի միահամուռ դատապարտումը վկայում է խորը պատմական արմատներ ունեցող Ռուսաստասնի և Հայաստանի եղբայրական, դաշնակցային հարաբերությունների ամրության մասին»,-ասվում է դեսպանության հայտարարության մեջ:
Երևանում կանգնեցված հայտնի ռուս գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը մաքրվել է ներկից:
Դեկտեմբերի 2-ի երեկոյան ակտիվիստ Շահեն Հարությունյանը ներկ էր լցրել Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա, ապա այդ մասին հրապարակում արել ֆեյսբուքյան իր էջում:«Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»,- գրել է ակտիվիստը։
Նոյեմբերի 30-ին Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու բակից ապամոնտաժվել էր Գարեգին Նժդեհի հուշատախտակը: Այդ նույն հուշատախտակն ապամոնտաժումից օրեր առաջ վանդալիզմի էր ենթարկվել: Հայկական եկեղեցու բակում տեղադրված հուշատախտակը սև ներկով էր ներկել Արմավիրի Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը: