Մարտի 1-ի գործով դատավարությունը մեկ ամսով կընդհատվի: Այդ մասին դատավոր Աննա Դանիբեկյանն հայտարարել է դատական նիստում՝ հավելելով, որ դեկտեմբերի 10-30-ը գտնվելու է ամենամյա արձակուրդում։
Աննա Դանիբեկյանն ասել է, որ այս գործով հաջորդ դատական նիստը կնշանակվի 2020-ի հունվարի առաջին աշխատանքային օրերին, հայտնում է Aysor.am-ը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշել է, որ մինչ դատավորի արձակուրդ գնալը, պետք է հնարավորություն տրվի անդրադառնալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցին։
Նա կոչ է արել այս շաբաթ ևս մեկ դատական նիստը նշանակել, սակայն մեղադրող դատախազներն ու տուժողների իրավահաջորդները առարկել են։
Աննա Դանիբեկյանը Քոչարյանի պաշտպաններին կոչ է արել դեկտեմբերի 3-ի դատական նիստի ընթացքում պատրաստել միջնորդությունը։
2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:
Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ:
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել էր նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի մեղադրյալի կարգավիճակ և գտնվում է կալանքի տակ։