4 դեկտեմբերի 2019 - 10:59 AMT
Գոգենի կտավը վաճառվել է 9.5 մլն եվրոյով

Ֆրանսիացի հանրահայտ նկարիչ Պոլ Գոգենի Te Bоurao II կտավը Փարիզում տեղի ունեցած աճուրդում վաճառվել է 9.5 մլն եվրոյով: Այդ մասին հայտնել է Artcurial աճուրդի տունը:

«Թաիթիում ստեղծված գլուխգործոցը, որը նկարիչը վրձնել է 1897-ին, վաճառվել է...€9,5 միլիոնով ($10,5 մլն), ներառյալ հավելավճարը»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է «Վեդոմոստին»:

Նշվում է, որ կտավը գնվել է միջազգային կոլեկցիոների կողմից և մնալու է Ֆրանսիայում:

Te Bоurao II-ը այն 9-ը կտավներից մեկն է, որը Գոգենը նկարել է Թաիթի կղզում, որտեղ ապրում էր: Կտավի վրա պատկերված է առվակ, թռչուններ և ծաղիկներ՝ կապտականաչ երանգներով:

Պոլ Գոգենը ծնվել է Փարիզում 1848-ին, լայն ճանաչում է ստացել մահից հետո՝ 1903-ին: Նա Պոլ Սեզանի և Վինսենթ Վան Գոգի հետ միասին համարվում է պոստիմպրեսիոնիզմի հիմնադիրը: