4 դեկտեմբերի 2019 - 11:23 AMT
ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու օրինագիծը չի ընդունվել

Ազգային ժողովը չի ընդունել ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու օրինագիծը: 89 պատգամավոր դեմ է քվեարկել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքի փաթեթներին:

Կողմ է քվեարկել 19 պատգամավոր: Նախագիծը ներկայացրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու:

Նա նշել է, որ նախագիծն ընդունվել էր առաջին ընթերցմամբ՝ հարցն ուսումնասիրելու, լավագույն տարբերակները գտնելու ակնկալիքով, սակայն արդյունքում պարզվել է, որ կարող են խնդիրներ առաջանալ։

Օրենքի նախագծով առաջարկվում էր ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական: Նախագծի ընդունվելու դեպքում վերոնշյալ պաշտոնների հավակնորդների համար սահմանվելու էին պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները: