Արցախում մտադիր են մասնագետների ու նրանց ընտանիքների նպատակային վերաբնակեցում իրականացնել: Այդ մասին Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:
Վերաբնակիչների և փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների համար Արցախի Հանրապետության 2020-ի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 257 միլիոն 800 հազար դրամ, հայտնում է «Արցախպրեսը»:
Նախարարը նշել է, որ շրջանառության մեջ է գտնվում նոր նախագիծ, որով կներդրվեն նոր սկզբունքներ կապված վերաբնակեցման գործընթացի հետ: Խոսքը վերաբերում է նպատակային վերաբնակեցմանը:
«Մասնավորապես՝ կմեկնարկի նոր գործընթաց, որի շրջանակներում կկազմվեն շրջանների, ենթաշրջանների և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր, որոնցից էլ կբխի մասնագետների պահանջը: Այդ մասնագետների ու նրանց ընտանիքների համար կհայատարարվի նպատակային վերաբնակեցում, որի արդյունքում էլ վերաբնակեցման գործընթացը բնականոն զարգացում կունենա»,- նշել է Ավանեսյանը: