4 դեկտեմբերի 2019 - 13:54 AMT
Նախագիծ. Շրջիկ առևտրի կետերը 50,000 դրամ տուրք կվճարեն

Երևանում գործող շրջիկ առևտրի կետերի համար նախատեսվում է 50,000 դրամ տուրք սահմանել: ԱԺ-ում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Օրենքի փոփոխությամբ նախատեսվում է, որ Երևան քաղաքի տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառք իրականացնելու իրավունք ունենալու են միայն իրավաբանական անձինք, նրանց այդ իրավունքը տալու է Երևանի քաղաքապետը, կարգն ու պայմանները տալու է Երևանի ավագանին։

«Այս պահին «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում միայն կա ձևակերպում, թե ինչ է շրջիկ առևտրի կետը, բայց չկա, թե հատկապես ով է կարգավորելու այդ առևտրի կետերի հետ կապված մի շարք իրավահարաբերություններ, մասնավորապես՝ ինչ կարող են նրանք վաճարել, որտեղ և որ ժամերին կարող են այդ առևտրի կենտրոնները գործել»,- նշել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Գաբրիելյանի խոսքով, օրենքի նախագծով առաջարկվում է առևտրի կենտրոնների աշխատանքները համակարգելու լիազորությունները տալ Երևանի ավագանուն։

«Երևանի ավագանին կարողանալու է հաստատել Երևան քաղաքում այն հիմնական վայրերը, որտեղ կարելի է իրականացնել շրջիկ առևտուր և որ ժամերին։ Այս պահին տարբեր ձևափոխված մեքենաներ, այդ թվում նաև Հանրապետության հրապարակին հարակից տարածքներում վաճառում են ամենատարբեր տեսակի ապրանքներ, երբեմն նաև սանիտարական պայմանների կոպտագույն խախտմամբ»,- նշել է Գաբրիելյանը։

Պատգամավորի խոսքով՝ նախագիծն ուղարկել է նաև Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններին, բայց այս պահին դեռ նրանց կողմից առաջարկներ չի ստացել: