4 դեկտեմբերի 2019 - 16:17 AMT
Կարապետյանը՝ Ծառուկյանի հյուրանոցի շինարարության մասին. «Շուստրի» տղայի պես փորձել են շրջանցել օրենքը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին շինթույլտվություն չի տվել։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Դեկտեմբերի 3-ին Մարությանն ասել էր, որ Ծառուկյանն ապօրինի, առանց շինթույլտվության շինարարություն է իրականցրել Աբովյան փողոցում: Ի պատասխան այս հայտարարության՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ Մարությանն իրեն թույլտվություն է տվել է՝ ներկայացնելով որոշ թղթեր:

«Խոսում ենք երկու փաստաթղթի մասին՝ նախագծման թույլտվությունը և շինարարական թույլտվությունը։ Նախագծի թույլտվությունը ստանալուց հետո կառուցապատողը կրկին դիմում է համայնքին՝ շինթույլտվություն ստանալու համար, որից հետո միայն կարող է սկսել շինարարական աշխատանքները»,- մանրամասնել է Կարապետյանը։

Խոսնակն անդրադարձել է նաև Ծառուկյանի այն հակադարձմանը, թե շինթույլտվությունը տվել է ոչ թե Մարությանը, այլ Նարեկ Սարգսյանը։

«Շինթույլտվություն տալիս է միայն համայնքի ղեկավարը, մենք Նարեկ Սարգսյան անունով քաղաքապետ չենք ունեցել։ Մենք ունեցել ենք Տարոն Մարգարյան քաղաքապետ, որը 2018թ. փետրվարի 16-ին տվել է շինթույլտվություն»,– ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ դրանից 3 օր անց Վարչական դատարանը վարույթ է ընդունել հարևան շինության սեփականատիրոջ բողոքը:

Կարապետյանի խոսքով՝ այդ բողոքը վարույթ ընդունելուց հետո Ծառուկյանի շինթույլտվությունը կասեցվել է.

«Բայց մեր հարգարժան կառուցապատողները, ինչպես ցանկացած շուստրի տղա, փորձելով շրջանցել օրենքը՝ այդտեղ իրականացրել է կառուցապատում»,-ասել է քաղաքապետի խոսնակը: Կարապետյանը նշել է, որ կառուցապատողը մի քանի անգամ տուգանվել, ինչից հետո գործն ուղարկվել է իրավապահ մարմիններին։

Կարապետյանը նշել է, որ 2019-ի ապրիլին Մարությանը որոշակի փոփոխություններով «Մուլտի Գրուպին» տվել է երկրորդ նախագծման թույլտվություն, սակայն շինթույլտվության դիմում, ըստ Կարապետյանի, քաղաքապետարանը չի ստացել։

Կարդացեք նաև՝Ծառուկյան-Մարության հերթական «ռաունդի» մասին