5 դեկտեմբերի 2019 - 14:10 AMT
Փաշինյան. Եթե կենդանին թրիքի մեջ է, մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը «խելացի» է, թե՝ ոչ

Հայաստանում չկա իրավիճակ, որ երբ ասես՝ եկեք մեր կյանքի որակը բարձրացնենք, և չլինի փաստարկ, որ հինն ավելի լավ է: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով առաջընթացին խոչընդոտող փաստարկների մասին և հիշելով օրեր առաջ դիտած ռեպորրտաժը՝ «խելացի անասնագոմի» մասին:

«Տեսա, որ «խելացի» անասնագոմում գոմաղբի հաստությունը նույնն է, ինչ ոչ «խելացի» անասնագոմում, կովերը նույնքան են թաղված թրիքի մեջ, որքան ոչ «խելացի» անասնագոմում: Այսինքն՝ եթե սա չի բերելու քաղաքակրթության, եթե կենդանին թրիքի մեջ է, մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը «խելացի» է, թե ոչ»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը նաև անդրադարձել է կարևորագույն որոշումների ընդունմանն ու դրանց շրջանակում տարբեր անհարմարություններ առաջացնելու հետ կապված փաստարկների ներկայացմանը:

«Օրինակ, ասում ես՝ սրանից հետո մենք տեղից տեղ շարժվելու ենք ոչ թե ավանակով, այլ ավտոմեքենայով: Դրանից հետո երաշխավորում եմ, որ վարչապետի անունով հազարավոր նամակներ են գալիս, որտեղ նշում են՝ գիտես ի՞նչ, ավտոմեքենան CO գազ է արտանետում, դա շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար: Հետո ասում են՝ ավտոմեքենան վթարներ է բերում, խցանումներ է առաջացնում, այնպես որ, եկեք շարունակենք տեղից տեղ գնալ ավանակով: Իհարկե, խնդիրներ է բերում, բայց դրա լուծումն ավանակներով տեղաշարժվելը չէ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կյանքի որակը բարձրացնելու համար արվող երևույթներ կան, բայց մեկ է՝ կրկին գլորվում ենք հին տրամաբանության մեջ:

Փաշինյանը նշել է, որ նույն տրամաբանությամբ՝ մեզ մոտ կա կանխավարկած, որ աղբ տեղափոխող մեքենան պետք է կեղտոտ լինի, աղբը կողքից, հետևից պետք է կախված լինի:

«Բայց իրականում աղբ տեղափոխող մեքենան պետք է մաքուր լինի: Սրա մասին պետք է բարձրաձայն խոսել»,-ասել է վարչապետը: