5 դեկտեմբերի 2019 - 16:07 AMT
«Վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Կանադեն ՎիվաՍել-ՄՏՍ-ում հանդիպել է ՏՀՏ համայնքի հետ

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Origami World տեսության հիմնադիր, վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ, Կարնեգի Մելոն համալսարանի ճապոնացի պրոֆեսոր Տակեո Կանադեն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ:

Տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրատվամիջոցների հարցերին են պատասխանել դոկտոր Կանադեն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, մրցանակաբաշխության աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը և Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը:

Իր ուղերձում պարոն Կանադեն շնորհակալություն է հայտնել ՀՀ պետական մրցանակին արժանանալու համար և նշել, որ այն իր համար անչափ ոգևորիչ առիթ է շարունակելու իր առաքելությունը: Ունենալով հստակ տեսլական՝ Կանադեն չի դադարում ոգևորել երիտասարդներին, ովքեր իրենց առաջին քայլերն են կատարում ռոբոտաշինության ոլորտում:

Նրա խոսքով՝ ռոբոտաշինությունը գիտության այն ճյուղերից է, որոնք չունեն սահմաններ. այն ամեն անգամ նոր հորիզոններ բացելու և մարդ-ռոբոտ փոխազդեցությունն ու դրա նշանակությունը մեր առօրյա կյանքում ավելի խորը հասկանալու հնարավորությունների ոլորտ է:

«Ինձ համար մեծ պատիվ է դառնալ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր: Ես լսել եմ, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտն ավելին է, քան պարզապես կարգախոս: Սա շատ ողջունելի է, և պատվաբեր է նման երկրի կողմից այսպիսի մրցանակի արժանանալը»,- ընդգծել է դոկտոր Տակեո Կանադեն:

«Խթանելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար իսկապես մեծ պատիվ է լինել այս նախաձեռնության կողքին արդեն տասը տարի, քանի որ տարեցտարի ավելանում է այն դրական ազդեցությունը, որն ունենում է այս մրցանակը մեր երկրի համար: Հայաստանը շարունակում է բարձրացնել իր վարկանիշը՝ որպես ՏՀՏ ոլորտում զարգացման նշանակալի հեռանկար ունեցող երկիր: Կարծում եմ, որ նման լեգենդների մուտքը մեր երկիր ավելի է ոգևորում մեր երիտասարդներին իրենց նեղ մասնագիտական կողմնորոշման հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Պարոն Կանադեն Կարնեգի-Մելոն համալսարանի դասախոս է, ով վիրտուալ իրականության հասկացության հայտնագործողն ու ներդնողն է: Շատ կարևոր է նման մարդկանց ներդրումները համաշխարհային ոլորտում: Ուզում եմ ընդգծել այս մրցանակաբաշխության կարևորության մասին, որը Հայաստանին թույլ է տալիս հանդես գալ որպես տարածաշրջանային կենտրոն»,-նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը:

«Այս տարի լրացավ մրցանակաբաշխության 10 տարին: Մենք հպարտ ենք, որ այս նախաձեռնությունը, որի գաղափարին թերահավատորեն էին վերաբերվում, ապացուցեց իր լինելու իրավունքը: Պատահական չէ, որ Հայաստանը պետական մրցանակ է շնորհում համաշխարհային ներդրումների համար։ Ներդրումներ, որոնք փոխել են մարդկության կյանքի ընթացքը։ Եվ մենք հպարտ ենք, որ համաշխարհային լեգենդները ամեն տարի այցելելով Հայաստան բարձրացնում են մեր երկրի վարկանիշը ու ճանաչողությունը», - ասել է մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:

Կոնքոսկրի փոխարինման համար համակարգչային վիրաբուժական համակարգերին, դեմքի ճանաչման, ինչպես նաև եռաչափ տեսագրման տեխնոլոգիաներին նվիրված աշխատանքների շնորհիվ Կանադեն դարձել է ռոբոտաշինության ոլորտի առաջատար մասնագետներից մեկն աշխարհում: 2008թ.-ին դոկտոր Կանադեն արժանացել է Բաուերի, ինչպես նաև Գիտության ոլորտում ձեռքբերումների համար շնորհվող մրցանակներին:

Կանադեն նաև «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակն է, համաձայն որի իրադարձությունների՝ տարբեր դիտանկյուններից վերցված մի քանի պատկերների համակցումը միահամակարգ մ ոդելի մեջ թույլ է տալիս միևնույն երևույթը տեսնել տարբեր տեսանկյուններից: 1989-ին Կանադեն Կարնեգի Մելոն համալսարանում հիմնել է ռոբոտաշինության դոկտորական ծրագիրը, այնուհետև՝ մագիստրոսական ծրագիրը: Կանադեն համահեղինակ է մոտ 300 գիտական հրապարակումների և շուրջ 20 արտոնագրի:

Տակեո Կանադեն տասներորդն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ մրցանակին արժանացածների շարքում:

Նախորդ տարիների մրցանակակիրներն են՝ Intel կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարրետը, Apple Computer կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնիակը, Synaptics ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, Hitachi ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, Cisco Systems զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, Kaspersky Lab-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, ինտերնետի նախահայրերից մեկը, Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը, Nest Labs ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը և National Instruments ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը։

2019-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից մրցանակաբաշխությանը տրամադրվել է 20 մլն դրամ: Ընդհանուր առմամբ՝ այդ նպատակով 2010-2019 թթ. ընկերության կողմից ներդրվել է ավելի քան 200 մլն դրամ: