Աշխատանքային այցով Բրատիսլավայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ալբանիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Գենտ Ցակային:Նախարար Մնացականյանը շնորհավորել է Ալբանիայի իր գործընկերոջը՝ ԵԱՀԿ նախագահության առաջիկա ստանձնման կապակցությամբ՝ վերահաստատելով հայկական կողմի աջակցությունը ալբանական նախագահության առաջնահերթություններին:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ վերջին զարգացումները՝ վերահաստատելով խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի առաջնայնությունները, որոնք ժամեր առաջ ներկայացրել է ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովին ունեցած իր ելույթում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի, կազմակերպության առջև ծառացած խնդիրների և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Երկկողմ հարաբերությունների համատեքստում նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ալբանիայի հետ տարբեր մակարդակներում և ձևաչափերով հարաբերությունների զարգացմանը: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ալբանիայի միջև առկա է համագործակցության խթանման մեծ ներուժ, և անհրաժեշտ է համատեղ ջանքերով աշխատել այն լիարժեք օգտագործելու ուղղությամբ:
Ուրվագծվել են երկկողմ օրակարգի հարստացման և քաղաքական երկխոսության ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրատիսլավայում գտնվող Զոհրաբ Մնացականյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ մտքեր է փոխանակել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:
Ընթերցեք նաև. ԱԳ նախարար. Արցախի ժողովորդի ինքնորոշման իրավունքը ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքն է (վիդեո)