6 դեկտեմբերի 2019 - 19:25 AMT
ՀՖՖ նախագահի պաշտոնի 3 թեկնածու կա՝ Խորեն Հովհաննիսյան, Արմեն Մելիքբեկյան, Թովմաս Գրիգորյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 4 թեկնածու, կանոնադրության պահանջներին համապատասխանում են թեկնածուներից 3-ը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ, 20-րդ դարիՀայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Լոռի» ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը: Այս մասին հայտնել է ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Արթուր Ազարյանը՝ հավելելով, որ չի համապատասխանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի թեկնածու Արսեն Աղաջանյանի թեկնածությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 34 անդամ կազմակերպություններից գործադիր կոմիտեի անդամության համար առաջադրվել է 27 թեկնածու, որպես ՀՖՖ կանոնադրության չափանիշներին համապատասխանող համարվել է 24-ը՝ 16 տեղի համար»,- հայտնել է Ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Արթուր Ազարյանը:

Ազարյանը նշել է, որ դեկտեմբերի 2 սահմանվել էր վերջնաժամկետ՝ գործկոմի անդամների կողմից ՀՖՖ նախագահի պաշտոնի թեկնածուների առաջադրման համար: ՀՖՖ նախագահը կընտրվի դեկտեմբերի 23-ին՝ նոր գործկոմի կողմից:

Նոյեմբերի 21-ին ՀՖՖ գործկոմի նիստից հետո ՀՀՖ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Արթուր Վանեցյանը հրաժարական էր տվել Իտալիայի հավաքականի հետ հանդիպումից հետո, երբ Հայաստանի ազգային թիմն իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց՝ 9:1: Վանեցյանը նշել էր, որ իր հրաժարականը քաղաքական ենթատեքստ չունի և ինքն իր վրա է վերցնում հավաքականի պարտության պատասխանատվությունը: