10 դեկտեմբերի 2019 - 14:10 AMT
Չիլիում ռազմական ինքնաթիռ է կործանվել, որում 38 մարդ կար

Չիլիի ռազմա-օդային ուժերի ինքնաթիռը, որը կորել էր ռադարներից Անտարկտիդա թռչելիս, ճանաչվել է կործանված: Այդ մասին ասվում է այդ երկրի ՌՕՈւ Twitter-ի էջում:

Նման որոշում է ընդունվել անձնակազմի հետ կապը կորցնելուց 7 ժամ անց:

Կործանված ինքնաթիռը ռազմատրանսպորտային Ս-130 է: Այն Պունտա Արենաս «Չաբունկո» բազայից ուղևորվել է նախագահ Էդուարդ Ֆրեյա Մոնտալվայի անունը կրող բազան, որը գտնվում է Անտարկտիդայում, դեկտեմբերի 9-ին, ժամը 16:55-ին, գրում է «Վեդոմոստին»:

Կապն ինքնաթիռի հետ կորել է 18:13-ին: Ինքնաթիռում 38 մարդ կար՝ անձնակազմի 17 անդամ և 21 ուղևոր:

Ինքնաթիռն անձնակազմ և սարքավորումներ էր տեղափոխում հետազոտական կայան: Չիլիի զինվորականները որոնողական գործողություններ են կատարում: