10 դեկտեմբերի 2019 - 13:16 AMT
ՍԴ նախագահի ու անդամների համար վաղ կենսաթոշակային համակարգ կներդրվի. Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ` 65 կողմ և 33 դեմ ձայներով, ընդունել է Սահմանադրական դատարանի դատավորների համար վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը:

Նախագիծը ներկայացրած նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ նախատեսվում է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրական դատարանի անդամ նշանակված և Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչև 2020թ. հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, մինչև Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նա ստանում է կենսաթոշակ՝ հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի չափով:

Նախարար խոսքով՝ նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը:

Ըստ նախագծի՝ եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

2019-ի սեպտեմբերի ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց էր սկսել: ԱԺ-ն դիմեց Սահմանադրական դատարանին՝ Թովմասյանի լիազորությունների դադարեցման համար, ՍԴ-ն մերժեց այդ դիմումը: Ավելի ուշ արդարադատության նախարարությունը ներկայացրեց նախագիծը, ըստ որի, եթե ՍԴ դատավորները, նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում հրաժարական տան, կստանան այդ պահին տրվող աշխատավարձի չափով կենսաթոշակ: Ընդդիմադիրները նշում են, որ այս քայլով իշխանությունը փորձում է ՍԴ-ի միջոցով իր բոլոր նախաձեռնությունները կյանքի կոչել, իսկ իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ այսօրվա ՍԴ նախագահն ու դատական իշխանության որոշ այլ ներկայացուցիչներ նշանակվել են նախկին իշխանությանը սպասարկելու համար։