10 դեկտեմբերի 2019 - 14:35 AMT
Փաշինյան. 1.5 տարում ՀՀ-ում ահռելի թվով նոր աշխատատեղեր են ի հայտ եկել՝ ավելի քան 81,000

2018-ի մայիսի համեմատ 2019-ի նոյեմբերի 29-ի դրությամբ Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 81 հազար 534 նոր աշխատատեղ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում ահռելի թվով նոր աշխատատեղեր են ի հայտ եկել և այս գործընթացը շարունակվելու է

2019 թվականի հոկտեմբերի 29-ի դրությամբ այդ թիվը 74 հազար 969 աշխատատեղ էր: Այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 6 հազար 565 աշխատատեղ:

Նշվում է, որ շատ հետաքրքիր է հոկտեմբերի 74 հազար 969-ի և նոյեմբերի 81 հազար 534-ի բաշխվածությունը ըստ եկամտային հարկի սանդղակի, այսինքն՝ ըստ աշխատավարձի:

«Հոկտեմբերի 74 հազար 969-ի աշխատատեղերի բաշխվածությունը հետևյալն էր. 30.4 տոկոսը կամ 22 հազար 810 աշխատատեղ գտնվել է մինչև 150 հազար դրամ աշխատավարձի հատվածում, 68.9 տոկոսը կամ 51 հազար 723 աշխատատեղ՝ 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձի հատվածում, 0.5 տոկոսը կամ 423 աշխատատեղ՝ 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձի հատվածում:

Նոյեմբերի 81 հազար 534 նոր աշխատատեղերի բաշխվածությունը հետևյալն է. 28.5 տոկոսը կամ 23 հազար 250 աշխատատեղ գտնվում է մինչև 150 հազար դրամ աշխատավարձի հատվածում, 70.8 տոկոսը կամ 57 հազար 736 աշխատատեղ գտնվում է 150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձի հատվածում, 0.6 տոկոսը կամ 548 աշխատատեղ՝ 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձի հատվածում:

Ինչպես տեսնում եք, նոր ի հայտ եկած աշխատատեղերի բաշխվածության մեջ գնալով մեծանում է բարձր աշխատավարձով աշխատատեղերի չափաբաժինը, ինչը վկայում է տնտեսության խորքային և դրական տրանսֆորմացիայի մասին: Կասկած չունեմ, որ այս սեգմենտի աշխատատեղերի մի զգալի հատվածը վերաբերվում է IT ոլորտին:

Հ.Գ. Ուզում եմ հատուկ ընդգծել, որ նոր ի հայտ եկող աշխատատեղերը ունեն որոշակի սեզոնային գործոն: Օրինակ՝ սեպտեմբերին օգոստոսի համեմատ դրանք մոտ 3 հազարով անկում էին ապրել: Բայց սա չի ազդում ընդհանուր դինամիկայի վրա, որը մենք հաշվարկում ենք 2018 թվականի մայիսից, այսինքն՝ հեղափոխության հաղթանակից»,-ասվում է վարչապետի գրառման մեջ:

Մեկ այլ գրառման մեջ վարչապետ Փաշինյանը գրել էր, որ մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 մլրդ դրամ շրջանառու միջոց:

«2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275 մլրդ դրամ, 2019 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 95 մլրդ դրամ, ներառյալ նաեւ ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները»,-գրել էր վարչապետը: