17 նոյեմբերի 2008 - 16:07 AMT
Վրաստանի ու Հարավային Օսեթիայի միջեւ պատերազմից հետո Կովկասի պատմության մեջ նոր փուլ սկսվեց
Զինված բախումը Վրաստանի ու Հարավային Օսեթիայի միջեւ եւ դրա հետեւանքները նոր փուլ բացեցին տարածաշրջանի պատմության մեջ եւ քարտեզին հայտնվեցին Ռուսաստանի կողմից ճանաչված երկու նոր հանրապետություններ` Հարավային Օսեթիան ու Աբխազիան: Այդ մասին Երեւանում «Անդրկովկաս. նոր իրողություններ, փոփոխություններ, հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովի բացմանը հայտարարել է ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքերով, այդ գործընթացին զուգահեռ փոփոխություններ են նկատվում Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում: «Թուրքիան դարձավ Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի նախաձեռնող, ինչը ստացավ Ռուսաստանի աջակցությունը: Ըստ իս, սա պատմության մեջ եզակի դեպք է, երբ Ռուսաստան ու Թուրքիան ինչ-որ համատեղ նախաձեռնություններ են առաջ քաշում Կովկասի վերաբերյալ»,-նշել է Զատուլինը:

Նա նաեւ նշել է, որ խորհրդաժողովի ընթացքում ենթադրվում է հստակեցնել Հայաստանի դիրքորոշումը օգոստոսյան բախումից հետո եւ այն, թե ինչպես դա կարող է ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, հայ-թուրքական հարաբերությունների եւ տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի վրա: