12 դեկտեմբերի 2019 - 10:37 AMT
Տոնոյանի հորդորը զինակոչիկներին՝ մինչև տարեվերջ վերադառնալ արտերկրից և զինհաշվառման կանգնել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հորդորել է արտերկրում գտնվող զինակոչիկներին մինչև տարեվերջ վերադառնալ հայրենիք և կանգնել զինվորական հաշվառման, քանի որ 2019-ի դեկտեմբերի 31-ից հետո այլևս չի գործելու օրենսդրական այն իրավակարգավորումը, ըստ որի՝ զինվորագրվելու նպատակով Հայաստան վերադարձող երիտասարդները քրեական պատասխանատվության չեն ենթարկվել:

Այդ մասին Տոնոյանը հայտարարել է դեկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցած հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայված նիստում:

Նիստի ընթացքում ամփոփվել են 2019թ. ամառային զորակոչի արդյունքները և քննարկվել ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը:

Ներկայացվել են 2019թ. ամառային զորակոչի արդյունքները, դրական միտումներն ու բացթողումներն ու առկա խնդրահարույց հարցերը: Անդրադարձ է կատարվել զորակոչվածների թվաքանակին, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների, զինակոչիկների բժշկական համակողմանի հետազոտության և փորձաքննության տվյալներին, տարածքային զինկոմիսարիատների, բուժհանձնաժողովների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կատարած աշխատանքներին:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր խոսքում կարևորել է առաջիկա զորակոչի ընթացքում ևս արդարության ու թափանցիկության մթնոլորտի շարունականության ապահովումը, կոռուպցիոն երևույթների խիստ բացառումը և ընդգծել, որ նախորդ՝ 2019թ. ամառային զորակոչը, ընդհանուր առմամբ, անցկացվել է կազմակերպված և առանց խոչընդոտների:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է նաև շահագրգիռ կառույցների և ստորաբաժանումների միջև փոխգործակցության ապահովումը, որի նպատակն է առավել ամրապնդել բանակի ու հասարակության սերտ կապը, զինված ուժերի հանդեպ հասարակության վստահությունն ու աջակցությունը: Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պետք է լինել չափազանց հետևողական, խիստ վերահսկողության տակ պահել ձմեռային զորակոչի ամբողջ գործընթացը, բացառել բուժհետազոտությունների թերի անցկացումը և ըստ այդմ՝ առողջական խնդիրներ ու բուժման կարիք ունեցող երիտասարդների զորակոչը:

Նիստին մասնակցել են ՀՀ առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարները, զորակոչին ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչներ, մարզպետներ, Երևանի քաղաքապետը:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստն ամփոփվել է պարգևատրման արարողությամբ: