12 դեկտեմբերի 2019 - 10:46 AMT
Զբոսաշրջիկին «Զվարթնոցից» Երևանի կենտրոն հասցնելու դիմաց տաքսիստը 34,000 դրամ է ուզել

Հայաստան ժամանած զբոսաշրջիկին «Զվարթնոց» օդանավակայանից Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոց հասցնելու դիմաց տաքսիստը 34,000 դրամ է վերցրել՝ համապատասխան կտրոն տրամադրելով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Սուրեն Մանուկյանը:

«Տաքսիստն էլ ինչ-որ պատահական մեքենա չէ, այլ օդանավակայանի պաշտոնական տաքսիներից»,- գրել է Մանուկյանը՝ հավելելով, որ հրապարակված կտրոնը ընկերն է իրեն ցույց տվել և չվստահելու պատճառ չկա՝ ոչ գերմանացի զբոսաշրջիկին, ոչ էլ ընկերոջը:

Նա նաև հավելել է, որ ավելի ուշ իրեն տեղեկացրել են, թե այդ տաքսի ծառայությունն այլևս չկա:

«Ուրեմն այդ կտրոններից ինչ որ մեկի մոտ պահպանվել են եւ չգիտես էլ որտեղ ու ոնց կարող են հետագայում օգտագործել»,- նշել է Մանուկյանը: