12 դեկտեմբերի 2019 - 11:44 AMT
Դեկտեմբերի 31-ը բանակից խուսափածների համար վերադառնալու վերջնաժամկետ է

Խուսափած յուրաքանչյուր զորակոչի դիմաց գումար վճարելու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատող օրենքը կգործի մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը: Կառավարությունը կողմ է քվեարկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքում փոփոխություններ կատարելու մասին» առաջարկին:

Նախարարն առաջարկում է երկարաձգել արտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 (պահեստազորի սպայական կազմի համար 35) տարին լրացած քաղաքացիների նկատմամբ օրենքի գործունեությունը մինչև տարեվերջ՝ նշելով, որ օրենքը կոնկրետ ժամանակահատվածում կոնկրետ քաղաքական և տնտեսական հիմնավորում է ունեցել, սակայն դրա գործունեության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ այն դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց կամ այն խթանելու հանգամանք:

«Արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրենքով կարգավորվող հարաբերությունների և դրանում սահմանված ժամկետների պարբերաբար երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից, այնուհետև 27 տարին լրանալուց հետո վճարել համապա­տաս­խան գումարը և ազատվել քրեական պատասխանատվությունից»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ սա իրավահավա­սա­րության ապահովման սահմանդրական սկզբունքի տեսանկյունից արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած քաղաքացիների նկատ­մամբ:

Նախարարի խոսքով՝ փաստացի խոսքը մինչև 1992-ի մարտի 1-ը ծնված քաղաքացիների մասին է, որոնք 2010 թվականին խուսափել են ծառայությունից: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կիրառելի է դառնալու մոտ 3000 քաղաքացու համար, 27 տարին լրացածներն, ովքեր օգտվել են օրենքից մոտ 22,000-ն են: