17 նոյեմբերի 2008 - 16:51 AMT
Նոյեմբերի լույս 16-ի գիշերը ադրբեջանական ջոկատը փորձել է ներխուժել ԼՂՀ Պաշտպանության բանակի թիկունք
Նոյեմբերի 19-ին Ադրբեջանի ու Ղարաբաղի Պաշտպանության բանակի շփման գծում դիտարկում կանցկացվի: Այդ մասին Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Նրա խոսքերով, նախկինում ծրագրված դիտարկումը կանցկացվի Չինարի գյուղի շրջանում (Հայաստանի Տավուշի մարզ), որից հետո նախատեսվում է ճգնաժամային դիտարկում անցկացնել Ադրբեջանի ու Ղարաբաղի ԶՈՒ շփման գծում: «Դիտարկումները անց են կացվում ամիսը երկու անգամ, սակայն եթե խնդիր է առաջանում, ապա այն դառնում է ճգնաժամային: Օրինակ, նախօրեին Ֆիզուլիում տեղի ունեցած միջադեպը հենց այդպիսի դեպք է»,-ասել է Կասպրշիկը:

Իր հերթին, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հաղորդել է, որ այս պահի դրությամբ Մինսկի խումբն արդեն դիմել է ճգնաժամային դիտարկում անցկացնելու խնդրանքով:

Նոյեմբերի լույս 16-ի գիշերը Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատը փորձել է ներխուժել ԼՂՀ Պաշտպանության բանակի թիկունք ԼՂՀ զինված ուժերի հարավ-արեւելյան ուղղությամբ, այդպիսով կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմի պահանջները: Մարտական հերթապահության մեջ գտնվող ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների ձեռնարկած միջոցների շնորհիվ խումբը ետ է շպրտվել իր նախկին դիրքերը` ԼՂՀ առաջադիր դիրքերի մոտ թողնելով սպանված ադրբեջանցի զինծառայողի դին: