12 դեկտեմբերի 2019 - 12:01 AMT
ՀՀ-ն Վերին Լարսում մաքսային կցորդ կունենա

Հայաստանը վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում ներկայացուցիչ կունենա: Նա Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակ կունենա: Դա թույլ կտա առաջացող հարցերին օպերատիվ լուծում տալ կամ լուծման առաջարկներ ներկայացնել:

Այդ մասին որոշման նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Ըստ Անանյանի, լինելու է մեկ մաքսային կցորդ, որը ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակ կունենա: Կցորդին նշանակում ու ազատում է ՀՀ կառավարությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մաքսային կցորդի կարգավիճակը կնպաստի, որ ՀՀ կառավարության անդամները բոլոր հարցերով չզբաղվեն՝ հավելելով, որ այս ընթացքում Հայաստանը Վերին Լարսում մեծ ճգնաժամեր կամ անհաղթահարելի իրավիճակներ չի ունեցել: