17 նոյեմբերի 2008 - 16:58 AMT
Այժմ ամենակարեւորը ընդմիշտ հրաժարվելն է ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարից
ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խումը պետք է բանակցություններ վարի հակամարտող կողմերի միջեւ, այլ ոչ թե երկրների միջեւ: Այդ մասին Երեւանում «Անդրկովկաս. նոր իրողություններ, փոփոխություններ, հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովի բացմանը հայտարարել է հատուկ հանձնարարությունների դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

Նրա խոսքերով, այժմ ամենակարեւորը ընդմիշտ հրաժարվելն է ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարից: «Սակայն մենք բացասական դինամիկա ենք տեսնում Ադրբեջանի կողմից` սպառազինությունների մրցավազք, հակահայկական հիստերիա եւ վերջին միջադեպը Ֆիզուլիի շրջանում: Ես պետք է ընդգծեմ, որ ԵԱՀԿ-ն տվյալ դեպքում իրեն բավական հանդուրժող եւ թուլակամ է պահում, ինչը չի կարող դրական ազդեցություն ունենալ կարգավորման գործընթացի վրա»,-ասել է ռուս դիվանագետը:

Նոյեմբերի լույս 16-ի գիշերը Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատը փորձել է ներխուժել ԼՂՀ Պաշտպանության բանակի թիկունք ԼՂՀ զինված ուժերի հարավ-արեւելյան ուղղությամբ, այդպիսով կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմի պահանջները: Մարտական հերթապահության մեջ գտնվող ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների ձեռնարկած միջոցների շնորհիվ խումբը ետ է շպրտվել իր նախկին դիրքերը` ԼՂՀ առաջադիր դիրքերի մոտ թողնելով սպանված ադրբեջանցի զինծառայողի դին: