12 դեկտեմբերի 2019 - 13:31 AMT
Փաշինյանը՝ պարապ պետաշխատողների մասին. Պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել, այս դեպքում Հռոմի պապը ես եմ

Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը կջարդի այդ դիմադրությունը, քանի որ ժողովուրդն իրեն ու իր քաղքական ուժին ձայն է տվել:

Վարչապետն ասել է, որ նախարարություններում աշխատող մարդկանց միակ կարիքն այն է, որ ժամը գա, տուն գնան: Փաշինյանը նշել է, որ այդ մարդիկ չեն կարող գնահատել կարիքներ և ռիսկեր՝ նկատի ունենալով, որ դրվում են խնդիրներ, որոնց հաղթահարման համար ռեսուրսներ չկան:

«Եվ պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել, տվյալ դեպքում Հռոմի պապը ես եմ»,-ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով նախարարությունների աշխատանքին՝ վարչապետը նշել է, թե կան նախարարություններ, որոնք նույնիսկ ճիպոտով հնարավոր չի տեղից շարժել:

«Եկեք լուրջ դեմքերով ձև չանենք, թե մենք էսօր պետական կառավարման համակարգում ունենք էն պոտենցիալը՝ ռազմավարություններ և հայեցակարգեր մշակելու: Մեկ-մեկ նախարարություններից թղթեր է գալիս, կարդում ես, ասում ես՝ էս որ դասարանի երեխա է գրել»,-ասել է վարչապետը:

Փաշինայնի խոսքով՝ այսօր պետական համակարգիում աշխատանքի հրավերին կարձագանքեն քիչ թվով մարդիկ, իսկ նրանց մի մասը չի ունենա համապատասխան հմտություններ:

«Չեն ունենա, որովհետև մեր դպրոցներում սովորեցնում են բոլորովին ուրիշ բաներ: Կանգնեցնում են «տաբուրետկի» վրա ասում են արտասանի, մի հատ էլ արտասանի, ավելի հայրենասիրական արտասանի, շատ ավելի հայրենասիրական արտասանի, այդպես 10 անգամ, որ վարչապետն ու նախագահը գան իրենց մասին արտասանես»,-ասել է Փաշինյանը:

Կառավարության հերթական նիստին բուռն քննարկման առարկա էր դարձել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի հարցը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը որոշ դիտարկումներ արեց և երկար քննարկումից հետո առաջարկեց ձեռնպահ մնալ` այս ձևով նախագիծն առաջ տանելուց, հատկապես, որ պարզ չէ, թե ի՞նչ կարիք ենք բավարարում և ինչո՞ւ ենք երկու անգամից ավել շատ ծախս անում: