18 նոյեմբերի 2008 - 13:51 AMT
Կոնստանտին Զատուլին. Վաղ թե ուշ Ղարաբաղը ճանաչվելու է անկախ պետություն
Առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության ոչ մի կարգավորում չի լինի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՊՀ երկրների Ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքերով, Մայնդորֆյան հռչակագիրը ունիկալ փաստաթուղթ է, բայց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի ստորագրությունն այնտեղ դեռեւս հնարավոր չէ: «Կարեւորն այն է, որ, վերջապես, արձանագրված է` ղարաբաղյան հակամարտության ոչ մի ռազմական կարգավորում հնարավոր չի: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարություններին, ինչպես եւ հայկական հասարակության տրամադրություններին այն հարցի շուրջ, որ Ռուսաստանը «կհանձնի Ղարաբաղը, կմատնի Հայաստանին», ապա ես դրանք ոչ տեղին եմ համարում: Ռուսաստանը չի կարող հանձնել այն, ինչը չի պատկանում իրեն, եւ չի կարող ճնշել Հայաստանին կամ Ղարաբաղին: Տարօրինակ է, որ նման հայտարարություններ են հնչում»,- ընդգծել է Զատուլինը:

Նա նաեւ ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստ չէ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, «նույնպես եւ պատրաստ չէ Հայաստանը»: «Բայց կարելի է որքան ուզես չճանաչել դե-յուրե կայացած պետությունը, վաղ թե ուշ դա պետք է արվի: 17 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղը ողջ աշխարհին ցույց տվեց, որ նա դինամիկ կերպով զարգացող, ժողովրդավարական երկիր է` ի տարբերություն, ասենք, Ադրբեջանի: Նույնպես եւ ոչ ոք աշխարհում չի կարող ասել, որ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը երկրորդական է, ոչ ոք իրավունք չունի արհամարելու ժողովրդի կամքը: Ես պարզապես համոզված եմ, որ վաղ թե ուշ Ղարաբաղը ճանաչվելու է որպես անկախ պետություն»,- ասել է ԱՊՀ երկրների Ինստիտուտի տնօրենը:

Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա: