13 դեկտեմբերի 2019 - 11:16 AMT
Կարեն Կարապետյանը՝ ՌԴ Փորձագիտական խորհրդի նախագահության անդամ

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է ՌԴ կառավարությանը կից Փորձագիտական խորհրդի նախագահության անդամ: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաստատել է նախագահության կազմը:

Փորձագիտական խորհրդի նախագահության աշխատանքը կհամակարգի ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը: Կարեն Կարապետյանից բացի, նախագահության անդամ են նշանակվել ՌԴ կառավարության 3 նախկին նախագահներ՝ Վիկտոր Զուբկովը, Սերգեյ Ստեպաշինը և Միխայիլ Ֆրադկովը, հայտնում է Interfax.ru-ն:

Փորձագիտական խորհրդի նախագահության կազմում է նաև «Էրմիտաժի» ղեկավար Միխայիլ Պիոտրովսկին և գիտական ու մշակութային շրջանակների այլ ներկայացուցիչներ:

Փորձագիտական խորհրդի նախագահությունը նոր մարմին է, այն ձևավորվել է 2019-ի հոկտեմբերի 31-ին: Անդամները 15-ն են: Դա մշտական գործող մարմին է, որը ձևավորելու է Փորձագիտական խորհրդի դիրքորոշումը ռազմավարական հարցերում:

Կարեն Կարապետյանը նաև «Գազպրոմբանկի» վարչության խորհրդական է և «Զառուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ: