13 դեկտեմբերի 2019 - 15:35 AMT
Wizz Air-ը, կարծես, գալիս է Հայաստան. Ներկայացուցիչն ասուլիս կտա ՀՀ շուկայում գործունեության մասին

Wizz Air բյուջետային ավիաընկերության Կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն դեկտեմբերի 16-ին մանրամասներ կներկայացնի հայկական շուկայում գործունեություն ծավալելու մասին:

Հաղոդրվում է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում տեղի կունենա Wizz Air բյուջետային ավիաընկերության, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ մամուլի ասուլիսը։

Ասուլիսին ելույթով հանդես կգան նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

Ավելի վաղ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը խոսել էր Wizz Air ավիաընկերության հնարավոր մուտքի մասին:

Ավելի վաղ Հայաստան մուտքի մասին էր հայտարարել իռլանդական Ryanair բյուջետային ավիաընկերությունը: Պաշտոնապես հայտարարվել էր, որRyanair-ը2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա և հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երևան, Միլանից Երևան, իսկ ամռանից նաև Բեռլինից Երևան: Թռիչքներ իրականացվելու են նաև Գյումրիից Մյուսնխեն ուղղությամբ: