13 դեկտեմբերի 2019 - 17:02 AMT
ՀՔԾ. Բաբլոյանի և Բաբայանի քրգործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի վերաբերյալ անջատված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:

Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական ծառայությունը՝ հավելելով, որ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: