18 նոյեմբերի 2008 - 14:37 AMT
The Guardian. Հիլարի Քլինթոնը կարող է դառնալ ԱՄՆ պետքարտուղար
Հիլարի Քլինթոնը մտադրված է ընդունել ԱՄՆ ընտրված նախագահ Բարակ Օբամայի առաջարկը եւ դառնալ նրա վարչակազսմի պետական քարտուղար, հաղորդում է բրիտանական հեղինակավոր The Guardian թերթը: Ստացված տեղեկատվության համար հրատարակությունը ոչ մի աղբյուր չի վկայակոչում:

Քլինթոնն ունի բոլոր հնարավորությունները երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի դերը ստանձնելու գորոծում հաջողելու համար: Նյու-Յորք նահանգից սենատոր ընտրվելուց հետո նա ակտիվ կերպով զբաղվում էր միջազգային գործերով եւ պաշտպանության հարցերով: Սկզբնական շրջանում նախկին «առաջին տիկինը» աջակցում էր Իրաքի պատերազմին, բայց այժմ համաձայն է երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու Օբամայի առաջարկությունների հետ:

Այս տարի Հիլարի Քլինթոնը պայքարում էր Բարակ Օբամայի հետ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնելու համար: Չնայած պարտությանը «փրայմերիզ» փուլում, Քլինթոնը հույս ունի բարձրագույն պետական պաշտոնի համար թեկնածություն դնել 2012թ.: Դրա հետ կապված նրա համար առանձնապես կարեւոր է այն հարցը, թե արդյո՞ք արժե անցնել Պետական դեպարտամենտում աշխատելուն, թե՞ շարունակել գործունեությունը Սենատում: Պաշտոնապես Հիլարի Քլինթոնը դեռեւս չի հաստատել, բայց եւ չի ժխտել իր գալիք նշանակման մասին տեղեկատվությունը: Միեւնույն ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հայտնել է, որ վստահ է, որ իր կինը կարող է «մեծ պետքարտուղար» դառնալ: