14 դեկտեմբերի 2019 - 16:18 AMT
Թորոսյան. Բուժաշխատողի նկատմամբ բռնությունը պետք է դատապարտվի 10-ապատիկ ավելի

Բուժաշխատողի հանդեպ բռնության դրսևորումները 10-ապատիկ ավելի դատապարտելի են, և նման արարքին չկա որևէ արդարացում:

Այս մասին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով «Արաբկիր» ԲԿ-ում բաժանմունքի վարիչին գլխով հարվածելու դեպքին:

«Ցանկացած բռնության դեպք, կրկնում եմ ցանկացած նման դեպք բուժաշխատողների նկատմամբ պետք է դատապարտելի է լինի 10-ապատիկ ավելի, քանի որ բռնության ենթարկվողը կյանքեր է փրկում, այդ թվում բռնարարի կամ նրա հարազատի։ Կոչ եմ անում իրավապահներին պարզել մեղավորներին և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել նրանց»,-գրել է նախարարը։

Ավելի վաղ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում հայտարարվել էր, որ դեկտեմբերի 11-ին ծնողները մի երեխայի բարձր ջերմությամբ և ջերմային ցնցումներով տեղփոխել են «Արաբկիր» ԲԿ:

«Ընդունարանում բժշկական անձնակազմի կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝ կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել է սեղանին դրված մեկ այլ հիվանդի պատմագիրը»,-ասվում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:

Հաջորդ օրը ծնողները հրավիրվել են վերակենդանացման բաժնի վարիչի սենյակ՝ երեխայի վիճակի մասին տեղեկատվություն ստանալու: Այդ ընթացքում հայրն անվայել խոսքեր է հնչեցրել բաժանմունքի վարիչի հասցեին և գլխով հարվածել վերջինիս դեմքին, ինչի արդյունքում բժիշկը ստացել է մարմնական վնասվածք։