16 դեկտեմբերի 2019 - 11:18 AMT
Աղբյուր. Սերժ Սարգսյանն ու Սերգո Կարապետյանը առերես հարցաքննվել են

Մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը հատուկ քննչական ծառայությունում առերեսվել են: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին:

Սարգսյանի և Կարապետյանի՝ հատուկ քննչական ծառայությունում առերեսվելու մասին լուրը ՀՔԾ-ից PanARMENIAN.Net-ի հետ զրույցում չմեկնաբանեցին:

Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը նշել է, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ առերես հարցաքննություն տեղի ունեցել է, բայց թե ում հետ, չի մանրամասնել: Նրա խոսքով՝ այդ քննչական գործողությունից րոպեներ հետո է Սարգսյանին մեղադրանք առաջադրվել:

Սերգո Կարապետյանի հետ առերեսվել է նաև նույն գործով մեղադրյալ, «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը:

Դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ իրենց վարույթում քննվող դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ մամուլի հրապարակումների՝ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված անձը Սերգո Կարապետյանն է:

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել է ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել 17.041.300 լիտր դիզելային վառելիք: Ծրագրի շրջանակներում մատակարարում իրականացնելու պատրաստակամություն են հայտնել մի շարք, այդ թվում՝ «Մաքսհուր» և «Ֆլեշ» ՍՊ ընկերությունները: Նախապատվությունը տրվել է ավելի թանկ գին առաջարկող «Ֆլեշին»: