16 դեկտեմբերի 2019 - 13:24 AMT
Հալեպի վերականգնված հայկական եկեղեցում առաջին պատարագն է մատուցվել

Հալեպի վերականգնված հայկական Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցում առաջին պատարագն է մատուցվել: Եկեղեցին ավերակների էին վերածել «Իսլամական պետության» գրոհայինները 2015-ի ապրիլին:

Պատարագը մատուցվել է դեկտեմբերի 15-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք անսահման երջանիկ ենք, որ մեզ վերադարձվել է մեր եկեղեցին՝ այն յուրահատուկ տեղ է զբաղեցնում մեր սրտերում: Այն, ինչ այսօր տեղի ունեցավ՝ իսկական երջանկություն է այստեղի բոլոր մարդկանց համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հալեպի բնակչուհի Լառան:

Մեկ այլ բնակչուհի Թագուհի Սահակյանը հիշել է, որ այդ եկեղեցում սպասավոր է եղել իր ամուսինը, իսկ երեխաները պսակադրվել են այնտեղ: «Ես հիշում եմ, թե ինչպես եմ առաջին անգամ, դեռ երբ երեխա էի, եկել այս եկեղեցի: Հիմա արդեն 70 տարեկան եմ, հիշում եմ նաև, ինչպես Տեր հայրը պսակադրեց ինձ իմ ապագա ամուսնու հետ»,-ասել է Հասմիկ Քասարյանը:

2015-ին 15-րդ դարում կառուցված Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցին պայթեցվել էր եկեղեցու ներսում փորված և այնտեղ տեղադրված ռումբերի միջոցով: Եկեղեցին ամբողջովին հողին էր հավասարեցվել, չէր փուլզվել միայն զանգակատան մի փոքր հատվածը:

Եկեղեցին գտնվում է Հալեպի պատմական Ջդեյդե թաղամասում: Եկեղեցու շուրջ գտնվում է հայկական գերեզմանատուն: Եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է: Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու համալիրում կան բազմաթիվ սրբապատկերներ՝ հիմնականում 17-րդ դարի, նրա կազմում ներառված է նաև հայկական դպրոց, ինչպես նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին,