16 դեկտեմբերի 2019 - 12:06 AMT
Բալասանյան. Փաշինյանի մոտեցումը ԼՂ հարցում «փաստացի, սպասարկում է Ադրբեջանի ազգային և պետշահերը»

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, «փաստացի, սպասարկում է Ադրբեջանի ազգային և պետական շահերը»:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ԼՂ հիմնախնդրի լուծման մասին արտահայտվելիս, հաճախ տալիս է իրարամերժ և անընդունելի գնահատականներ. այն է՝ «Արցախը պետք է մասնակցություն ունենա Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններին», «Արցախը Հայաստան է, և վերջ, միացում», «Արցախյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար»:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Փաշինյանի մոտեցումը, փաստացիորեն, սպասարկում է Ադրբեջանի ազգային և պետական շահերը, որի դրսևորումը հրապարակայնացվեց դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի շուրթերով, երբ վերջինս հայտարարեց, թե Փաշինյանը դեմ չէ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցություններում Ալիևի հետ լինեն նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Արցախի իշխանությունները բազմիցս հրապարակայնորեն դեմ են արտահայտվել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Ադրբեջանի իշխանությունների ցանկություններին՝ նրանց բանակցային որևէ ձևաչափում ընդգրկելու հարցում:

«Եթե բանակցային գործընթացում ներգրավված երկրների, ներառյալ Հայաստանի կողմից, փորձ արվի բանակցություններում ներգրավել նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին, ապա դա կլինի Արցախի Հանրապետության գոյության ընթացքում ամենամեծ վտանգներից ու սպառնալիքներից մեկը, որի չեզոքացմանը կուղղվեն հայության բոլոր առողջ և իրատես ուժերը:

Այդ կարևորագույն պայքարի առաջնագծում կլինեն նաև Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հազարավոր համախոհներն ու աջակիցները»։

Ավելի վաղ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն ասել էր, որ իր տպավորությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիր չի տեսնում, որ բանակցություններին Ալիևի հետ գան նաև իրենց ԼՂ ադրբեջանական համայնք համարող մարդիկ։Ավելի ուշ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը, անդրադառնալով Իգիթյանը այդ արտահայտությանը, ասել է, որ Իգիթյանի հայտարարությունը համատեքստից հանվել է և բոլորը պետք է հասկանան, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասին դիրքորոշումը չի փոխվել: