16 դեկտեմբերի 2019 - 13:04 AMT
Երևանում Մարտի 1-ի զոհերի հուշահամալիր կկառուցվի

Երևանի քաղաքապետարանի բյուջեից մոտ 2 մլն դրամ կհատկացվի Մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցմանը: Նման որոշում է կայացրել Երևանի ավագանին դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում:

Նիստում որոշվել է 3 մլն 950 հազար դրամով ավելացնել Երևանի 2019-ի բյուջեի նպատակային հատկացումները:

Հուշարձանը կկանգնեցվի Գրիգոր Լուսավորիչ փողոցին և այգուն հարող տարածքում:

ՀՀ կառավարության որոշմամբ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին 30 մլն դրամ փոխհատուցում է տրվում, իսկ վիրավորներին՝ 5-15 մլն դրամ:

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:

Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ: