16 դեկտեմբերի 2019 - 15:42 AMT
«Էրեբունի» թանգարանի նոր մասնաշենքը հագեցած կլինի նորարար տեխնոլոգիաներով

«Էրեբունի» թանգարանը կունենա նոր մասնաշենք: Երևանի ավագանին հավանություն է տվել 2019-ի հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և «Ջոն և Սոս Բալյան հիմնադրամի» միջև կնքված համագործակցության պայմանագրին:

Ներդրումային ծրագրով նախատեսվում է թանգարանի անմիջապես հետնամասում կառուցել նոր` ժամանակակից տեխնոլոգիաներով մասնաշենք, որը ճարտարապետությամբ պետք է համահունչ լինի տարածքին, բայց միաժամանակ՝ հագեցած նորարարական տեխնոլոգիաներով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

«Այս հատվածում կտեղակայվեն նոր ցուցասրահներ, որտեղ կլինեն անիմացիոն ցուցադրություններ, և այցելուները Երևանի պատմությանը կծանոթանան վիրտուալ շրջագայությամբ: Տարածքում կբացվեն նաև գիտական լաբորատորիաներ: Շինարարության համար կհայտարարվի նախագծերի մրցույթ: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 1.65 մլն դոլարին համարժեք դրամ է»,-ասվում է գրառման մեջ:

Ջոն և Սոսի Բալյանների հիմնադրամը՝ IDeA հիմնադրամի, «Էրեբունի» թանգարանի և Երևանի քաղաքապետարանի հետ գործակցության շրջանակում վենչուրային ծրագիր կիրականացնի Հայաստանում: