16 դեկտեմբերի 2019 - 18:32 AMT
«Զվարթնոցում» ավտոկայանատեղին կթանկանա, բայց ոչ բոլորի համար

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կայանման արժեքը 2020-ի հունվարի 15-ից կթանկանա:

Այս մասին հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»:

Կայանման համար նախատեսված վճարումներն առանձին ժամերի առաջացնում են խցանումներ: Դրանցից խուսափելու համար դրամարկղում վճարող քաղաքացիների համար 1 ժամվա դեպքում կսահմանվի 800 դրամ, 1-5 օր կայանելու համար՝ օրական 3000 դրամ, 5-30 օրվա կայանումն օրական կարժենա 15,000 դրամ:

Հովհաննիսյանի խոսքով՝ գործող սակագներով վճարումներ կատարելու հնարավորություն ևս կլինի՝ շենքի ներսում գործող վճարային տերմինալներից օգտվելու դեպքում: Անհրաժեշտ է միայն դուրս գալիս ցույց տալ կտրոնը:

Այժմ «Զվարթնոցում» մեկ ժամ մեքենա կայանելու համար նախատեսված է 500 դրամ, ընդ որում մեքենան 10 րոպե կայանել հնարավոր է անվճար: Եթե մեքենան կայանվում է 1-5 օր, օրական վճարվում է 2000 դրամ, 5-30 օրվա կայանումն արժե 10,000 դրամ: