17 դեկտեմբերի 2019 - 14:42 AMT
ՊԵԿ. Շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների հանդեպ քրգործեր կան

Շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելու համար հարուցվել են քրեական գործեր, որոնք ներկայումս նախաքննության ընթացքում են։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

Սակայն, նա չի մանրամասնել, թե ովքեր են նրանք և քանի գործ է հարուցվել, հայտնում է Panorama.am-ը:

ՊԵԿ փոխնախագահը հավելել է, որ շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը հարկային մարմին են ներկայացրել հայտարարագրեր և վճարել իրենց կողմից ստացած եկամուտներից բխող հարկային պարտավորությունները:

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, հայտարարագիր է ներկայացրել շոու բիզնեսի 10 ներկայացուցիչ։

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, բազմիցս հորդորել է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում, հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: