Երևան քաղաղի և Այնթափ գյուղի հատման հատվածում մետաղական մեծ խաչ տեղադրելու հարցն այժմ Երևանի ավագանու օրակարգում չէ: Այդ մասին PanARMENIAN.Net -ին է հայտնել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Ավելի վաղ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչները դիմել էին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին՝ Շենգավիթ վարչական շրջանի վերջնամասում և Այնթապ գյուղի սկզբնամասում գտնվող հատման հատվածում «Այնթապ համայնքի բնակիչների ջանքերով պատրաստված երկաթյա Խաչ՝ ի պատիվ և պահպանություն Հայոց Բանակի քաջարի զինվորների և սպաների» տեղադրելու թույլատվություն ստանալու համար:
Խաչի հնարավոր տեղադրումը բուռն քննարկման առիթ է դարձել սոցցանցերում: Օգտատերերից շատերը դեմ են արտահայտվել մետաղական խաչի տեղադրմանը, որոշները ողջունել են այնթափցիների նախաձեռնությունը:
Կարապետյանի խոսքով՝ խաչի տեղադրման հարցը պետք է լուծվի Երևանի ավագանու համաձայնությամբ:
«Ավագանին այս պահին նման դիմում չի ստացել, նման հարց օրակարգում ընդգրկված չէ: Ենթադրվում է, որ հարցը պետք է վարչական շրջանից գա քաղաքապետի մոտ, քաղաքապետն էլ բերի ավագանու հաստատման», - նշել է խոսնակը:
Այժմ խաչը տեղադրված է Այնթափ գյուղում: