17 դեկտեմբերի 2019 - 22:51 AMT
Պետդեպը հասկացրել է, որ Սպիտակ տունը չի փոխի դիրքորոշումը ցեղասպանության հարցով

Սպիտակ տունը չի փոխի իր դիրքորոշումը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ՝ չնայած ԱՄՆ կոնգրեսի կողմից ընդունված բանաձևին: Այս մասին հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը, հաղորդում է BBC-ն:

Նշվում է, որ հայտարարությունը փաստում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը պաշտոնապես չի փոխվում: Պետդեպի այս հայտարարությունն արվել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հասունացած խիստ հակասությունների ֆոնին:

«Մեր դիրքորոշումն արտացոլված է նախագահ Թրամփի՝ ապրիլին հնչեցրած հայտարարության մեջ»,- ասվում է Պետդեպի հայտարարությունում:

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Թրամփն ավելի քան 1,5 մլն մարդու սպանդն ու տեղահանումն անվանել էր 20-րդ դարի ամենածանր հանցագործություններից մեկը՝ չարտասանելով սակայն «ցեղասպանություն» բառը:

2019-ի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ կոնգրես ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: