18 դեկտեմբերի 2019 - 14:39 AMT
Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ չի հայտնել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է։

Ավելի վաղ դատավոր Մխիթար Պապոյանը, որին, դատախազ Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրե, ինքնաբացարկ հայտնեց:

Դատական նիստը շարունակվում է, հայտնում է Shantnews.am-ը։

Դեկտեմբերի 16-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։ Վերջինս պետք է քննի Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական գրասենյակից հայտնել են, որ ինքնաբացարկի հիմք են դարձել դատավորի եղբայր Դավիթ Աբգարյանին վերաբերող՝ մամուլում տարածված տեղեկությունները։ Մասնավորապես, Դավիթ Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում հավանել և կիսվել էր երգիչ Սերժ Թանկյանի գրառմամբ, որտեղ վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ, իսկ Լուսինե Աբգարյանն իր էջով հավանել էր տվյալ գրառումը։ Բացի այդ, դատավորի եղբայրը սույն գործով տուժողների նախկին ներկայացուցիչ, ներկայումս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է։