19 դեկտեմբերի 2019 - 17:40 AMT
ԵՄ-ն €5.1 մլն է հատկացրել ՀՀ-ի ճանապարհային անվտանգությանը

Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել են Հարևանության ներդրումային հարթակի դրամաշնորհային համաձայնագիր՝ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի իրականացմանն աջակցելու համար։

Այս մասին հաղորդում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ հավելելեով, որ համաձայնագիրը թույլ կտա Եվրոպական հանձնաժողովին ֆինանսավորել նշված ծրագիրը մինչև €4.25 մլն ներդրումային դրամաշնորհի չափով։

Ծրագիրը ներառում է նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից մինչև €650,000 եվրոյին համարժեք գումարի չափով լրացուցիչ տեխնիկական աջակցության դրամաշնորհ և €200,000 եվրոյին համարժեք բյուջետային հատկացում՝ ԵՄ հաղորդակցության միջոցառումների, մասնավորապես` Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի համատեքստում վարքագծային ազդեցության համար հաղորդակցման (COMBI) ռազմավարության իրականացման համար։

Ծրագիրը ներառում է հետևյալ գործողությունները՝ ճանապարհային անվտանգության միջոցառումներ Մ-6 միջպետական ճանապարհի վրա, ճանապարհային անվտանգության հետ կապված աշխատանքներ և ենթակառուցվածքների բարելավում Հ-8 հանրապետական ճանապարհի և Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի հետ սահման միջպետական ճանապարհի վրա նախանշված 9 վտանգավոր կետերում, Մ-2 Երևան-Արարատ-Կապան-Մեղրի, Մ-4 Երևան-Հրազդան-Սևան-Ազատամուտ, Մ-12 Գորիս և Մ-17 Կապան-Շիկահող-Մեղրի միջպետական ճանապարհների վրա նախանշված 15 վտանգավոր կետերում‚ ինչպես նաև՝ լրացուցիչ բացահայտված այլ վտանգավոր կետերում։