20 դեկտեմբերի 2019 - 12:29 AMT
Գյունյան. ՔԿՀ-ներում մարմնավաճառի ծառայություններից օգտվելու դրույքաչափեր կային

ՀՀ բոլոր քրեակատարողական հիմնարկներում այս պահի դրությամբ կա 2230 անձ կա, նրանցից՝ 1028-ը կալանավոր են, իսկ 1202-ը դատապարտյալ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, հաղորդում է Panorama.am-ը։

Գոյունյանի խոսքով, քրեակատարողական հիմնարկները նախատեսված են 5346 անձի պահպանության համար, այսինքն՝ լուծված է տարիներ շարունակ համակարգի համար խնդրահարույց հարամրված հարցերից մեկը՝ ՔՀԿ-ներում գերբեռնվածության խնդիրը։

Արթուր Գոյունյանը, անդրադառնալով ՔՀԿ-ներում բարեփոխումներին՝ նշել է, որ քայլեր են ձեռնարկվում հակաօրենսդրական և արատավոր երևույթները, քրեական ենթամշակույթը վերացնելու ուղղությամբ: Գոյունյանը ասել է, որ նախկինում ՔԿՀ-ներում առանձին ծառայությունների համար որոշված են եղել գումարի որոշակի դրույքաչափեր:

«Օրինակ, հասարակության մեջ լուրեր են տարածված եղել, որ սահմանված հասանելիքից ավելի կարճատև տեսակցության համար գանձման ենթակա գումարի դրույքաչափը կազմել է $100, երկարատև տեսակցության դեպքում՝ $300 դոլար, դրույքաչափեր են եղել սահմանված նաև մարմնավաճառի ծառայություններ մատուցելու համար՝ $300-ի սահմաններում, իսկ ունևոր խավի համար մինչև $1000-ի սահմաններում։ Գումարներ են գանձվել նաև տույժ չնշանակելու կամ նշանակված տույժը սահմանված ժամկետից շուտ հանելու համար և այլն»։

Հաջորդ խնդրհարույց թեման, որ միշտ շոշափվել է, Գոյունյանի խոսքով, «զոն նայողների» ինստիտուտի առկայությունն է։

«Նրանք եղել են հիմնական եղանակ ստեղծողները, վարչակազմի հետ հարաբերություններ ստեղծողներն ու կոռուպցիոն սխեմաների ապահովողները։ Այդ կատեգորիայի անձանց համար բացահայտ ապահովված են եղել կենցաղի, սննդի, տեղաշարժի, ապահովվության և հանգստի լավագույն և արտոնյալ պայմանները։ Վերջիններիս խցերի դռները երբեք չեն փակվել, այնտեղ որևէ խուզարկություն չի արվել»,- նշեց Արթուր Գոյունյանը։

Վերջինիս խոսքով, վերոնշյալ դեպքերն արդեն անցյալում են և այլևս հնարավոր չէ վերադառնալ դրանց։