20 դեկտեմբերի 2019 - 13:17 AMT
Անիին սահմանամերձ Նորշեն գյուղ մտնելու համար այլևս անցագիր պետք չի լինի

2020 թվականից պատմական Անի քաղաքին սահմանամերձ Շիրակի մարզի Նորշեն (Խարկով) գյուղ մտնելու համար այլևս անցագրի անհրաժեշտություն չի լինի:

Այս մասին, Aravot.am-ի հաղորդմամբ, հայտնել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Պետրոսյանը սահմանամերձ դատարկված գյուղի միակ բնակչուհուն` 83-ամյա Վահանդուխտ Մելքոնյանին հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալագիրը, ինչպես նաև տրամադրել կես մլն դրամ գումար:

Շիրակի մարզի սահմանամերձ Նորշեն (Խարկով) գյուղն Անի բերդաքաղաքից բաժանվում է Ախուրյան գետով: Սահմանային գյուղ ազատորեն մտնել ներկա պահին հնարավոր չէ: Շիրակի մարզի վարչական սահմաններում գտնվող այս գյուղ մտնելու համար անհրաժեշտ է ռուս սահմանապահների թույլտվությունը, անգամ տեղաբնակներն անցագիր են հանում ծննդավայր մտնելու համար։